«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածում Հայաստանի տեսակարար կշիռն այսօր կազմում է 9%, մեր մոտ որպես Հայաստանից ակտիվ օգտատեր գրանցված է 11 հազար մարդ, ովքեր հետևում են հավելվածի զարգացմանը։ Այս մասին նոյեմբերի 12-ին Մոսկվա – Մինսկ – Աստանա – Բիշքեկ – Երևան – Տաշքենդ տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ հայ գործատուները կարող են հարթակում ստեղծել իրենց անձնական հաշիվները, կառավարել թափուր աշխատատեղերը, ստանալ պատասխաններ և ուղարկել հաղորդագրություններ: Նա կարծում է, որ սա պետք է բարձրացնի հավելվածի արդիականությունը:
Սարգսյանը նաև առաջարկել է Հայաստանի և Ղրղզստանի կառավարություններին քննարկել երրորդ երկրներից միգրացիան կարգավորելու հարցը։ «Մասնավորապես, հիմա Հնդկաստանից և Պակիստանից շատ միգրանտներ կան Հայաստանում և Ղրղզստանում, ուստի առաջ է գալիս այս միգրացիոն հոսքերը կառավարելու արդիական խնդիրը։ Մեր հավելվածը կարող է օգտակար լինել այս երկրներին՝ իրենց ներքին միգրացիոն գործընթացները կարգավորելու տեսանկյունից», - հավելել է նա։




























