Հնարավոր աղմուկի պատճառ կարող է դառնալ իրավիճակները, երբ բուժառուի և բուժհաստատության միջև լինի հակասություն, թե մարդը այդ պահին ինչ ծառայության կարիք ունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1–ից։

«Որովհետև կարող են լինել դեպքեր, որ մարդը ասի՝ չէ, ես այնքան վատ եմ, որ պետք է հիվանդանոց պառկեմ, իսկ առողջապահական հիմնարկը ասի՝ չէ, դու դրա կարիքը չունես։ Մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալո՞ւ ենք, իսկ մենք պետք է դա ունենանք, որ ծառայությունները ստանան նրանք, որոնք օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։ Այս հատվածը պետք է հասկանանք, ոնց ենք կառավարում, որ փաստահելի լինեն այդ որոշումները, որպեսզի մարդիկ անարդարության զգացում չունենան և չարաշահումների տեղերն էլ փակենք։

Որովհետև շատ դեպքերում մենք ոլորտում չարաշահումների ի՞նչ օրինակներ ենք տեսնում, որ կամ մարդկանց անունները գրած է, ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կամ ծառայությունը չի մատուցված, կամ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ինչը էլի նշանակում է, որ չի մատուցված, կամ փոքր ծառայություն իրոք մատուցված է, բայց կողքից 15 ուրիշ բան է գրվել։ Սա ամենամեծ ռիսկն է, այդ թվում այսօր»,– հայտարարեց Փաշինյանը։