Իսրայելը հույս ունի մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ վերջ դնել Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ շարժման իշխանությանը։ Նման կարծիք է հայտնել հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագրին աջակցող ամերիկյան բանաձևի նախագծի հաստատումը։

«ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի ծրագիրը ստորագրած այլ երկրների հետ համագործակցությամբ մենք (Իսրայելը) հույս ունենք անհապաղ ստանալ զոհված բոլոր պատանդների աճյունները և սկսել Գազայի զինաթափման ու ապառազմականացման գործընթացը, ինչպես նաև վերջ դնել հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանությանը», - հայտարարել է Նեթանյահուն՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն «լիովին հավանություն է տվել» ԱՄՆ նախագահի 20 կետից բաղկացած ծրագրին։ Վարչապետի կարծիքով, «Թրամփի ղեկավարության շնորհիվ ձեռք բերված բեկումը կօգնի տարածաշրջանը տանել դեպի խաղաղության և բարգավաճման»։ «Իսրայելը խաղաղության ձեռք է մեկնում բոլոր հարևաններին և կոչ է անում նորմալացնել հարաբերությունները», - հավելել է Նեթանյահուն, որի խոսքերը տարածել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել էր ամերիկյան բանաձևի նախագիծը՝ ի աջակցություն Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության ծրագրին։ Փաստաթղթի օգտին քվեարկել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ էին մնացել։ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը համաշխարհային կազմակերպությունում Վասիլի Նեբենզյան երկուշաբթի օրը բանաձևի քվեարկությունից հետո հայտարարել է, որ խաղաղապահ նախաձեռնության հաջողությունը հնարավոր կլինի գնահատել այն բանով, թե որքանով կհաջողվի իրականում «ապահովել կայուն խաղաղություն, որտեղ Իսրայելը և Պաղեստինը կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության մեջ՝ 1967 թվականի սահմաններով, իսկ Երուսաղեմը կդառնա երկու պետությունների մայրաքաղաք՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԳԱ-ի (Գլխավոր Ասամբլեայի) բանաձևերի, միջազգային իրավունքի նորմերի և ավելի վաղ կնքված համաձայնագրերի»։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի «համապարփակ ծրագիրը»՝ ուղղված Գազայի հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և նախատեսում է, մասնավորապես, անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման ներդրում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Հոկտեմբերի 9-ին հակամարտող կողմերը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման մասին համաձայնագիրը։ Հոկտեմբերի 10-ին Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել։