ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ այս շաբաթ հավանություն է տվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր խաղաղության ծրագրին։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ 28 կետից բաղկացած ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ծրագրի վրա աշխատելու ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները խորհրդակցել են Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի, ինչպես նաև ուկրաինացի պաշտոնյաների հետ, նշում է հեռուստաալիքը։

«Ծրագիրը կենտրոնացած է երկու կողմերին էլ անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա, որպեսզի ապահովվի ամուր խաղաղություն», - NBC News-ին ասել է ԱՄՆ անանուն պաշտոնյան։ Նա հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանել ծրագրի բովանդակությունը։ Եվրոպացի պաշտոնյան և ուկրաինական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, անանունության պայմանով, հեռուստաալիքին հայտնել են, որ Կիևը չի մասնակցել այս խաղաղության ծրագրի նախապատրաստմանը և որ Ուկրաինային դրա մասին տեղեկացրել են միայն ընդհանուր գծերով։

Ըստ NBC News-ի տեղեկությունների, Կիևը «դեռ պետք է ծանոթանա» նոր առաջարկին, իսկ «ծրագրի վերջնական համաձայնեցման ժամկետները համընկել են Ուկրաինայում ԱՄՆ ռազմական պաշտոնյաների այցի հետ»։ Չորեքշաբթի օրը Կիև էր ժամանել ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսքոլի գլխավորությամբ։ Ինչպես պնդում է հեռուստաալիքը, նրանց առջև դրված է երկու խնդիր՝ քննարկել ուկրաինական ղեկավարության հետ ռազմական տեխնոլոգիաներն ու ռազմավարությունները, ինչպես նաև օգնել խաղաղ գործընթացի վերսկսմանը։