Արհեստական բանականության ոլորտում ամերիկյան Meta ընկերության (ճանաչված որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելված Ռուսաստանում) գլխավոր գիտնական Յան ԼեԿունը տարեվերջին կհեռանա ընկերությունից։
Լեկունը LinkedIn-ում գրել է, որ կստեղծի իր սեփական ստարտափը, որը կհամագործակցի Meta-ի հետ և կձգտի ստեղծել արհեստական բանականության հաջորդ «մեծ հեղափոխությունը»։
Նրա խոսքով՝ նոր ընկերությունը կկենտրոնանա «ֆիզիկական աշխարհը հասկացող, կայուն հիշողություն ունեցող և գործողությունների բարդ հաջորդականություններ պլանավորող համակարգերի վրա»։ Գիտնականը նշել է, որ այս «առաջադեմ մեքենայական ինտելեկտը» կիրառելի կլինի տարբեր ոլորտներում, որոնցից մի քանիսը համընկնում են Meta-ի առևտրային շահերի հետ։
Meta-ն հաստատել է The Wall Street Journal թերթին Լեկունի հեռանալու մասին տեղեկությունը՝ ձեռնպահ մնալով հետագա մեկնաբանություններից։
Անցյալ շաբաթ պարբերականը հաղորդել էր, որ Լեկունը վերջերս քննարկել է իր հեռանալու հարցը գործընկերների և աշխատակիցների հետ՝ նոր ստարտափի համար մասնագետներ հավաքագրելու և ներդրողների հետ շփվելու ժամանակ։
Թյուրինգի մրցանակի դափնեկիր Լեկունը համարվում է ժամանակակից արհեստական բանականության հիմնադիրներից մեկը։





























