Չինական AgiBot (Zhiyuan Robotics) ընկերության մշակած մարդանման ռոբոտը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Սուչժոու եւ Շանհայ քաղաքների միջեւ առանց կանգ առնելու 106 կիլոմետր անցնելով։ Այս նվաճումը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «մարդանման ռոբոտի ամենաերկար ճանապարհորդությունը ոտքով», նշվել է մշակողի հաղորդագրությունում։
AgiBot-ի A2 մոդելն ունի երկու GPS մոդուլներ, լիդար եւ ինֆրակարմիր խորության սենսորներ։ Այս սենսորների շնորհիվ ռոբոտը հաղթահարել է դժվարին ճանապարհային պայմանները՝ պահպանելով կայուն տարածական ընկալում ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Անդրոիդը Սուչժոուից մեկնել է նոյեմբերի 10-ի գիշերը եւ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան հասել Շանհայի մերձափնյա Վայտան։ Արագ փոխարինվող մարտկոցի շնորհիվ ռոբոտն ավարտել է ճանապարհորդությունն առանց կանգ առնելու՝ շարունակելով անընդհատ աշխատել։
AgiBot-ը հիմնադրվել է 2023թ․, գլխավոր գրասենյակը գտնվում է Շանհայում։ Մշակողը ռոբոտներ է ստեղծում առեւտրային ոլորտում օգտագործելու, մասնավորապես՝ հյուրանոցներում հյուրերին դիմավորելու, ապրանքներ տեղափոխելու եւ տարածքները մաքրելու համար։
Չինաստանը արագ զարգացնում է ռոբոտաշինությունը։ Շուկայի կարգավորման պետական վարչության տվյալներով՝ 2024թ․ վերջին երկրում ինտելեկտուալ ռոբոտների արդյունաբերության ձեռնարկությունների թիվը կգերազանցի 451 հազարը։ Դրանց ընդհանուր գրանցված կապիտալը կազմել է 6.44 տրիլիոն յուան (մոտ 900 միլիարդ դոլար)։ Այս թիվը 2020թ․ վերջից աճել է 200 տոկոսով, ինչն արտացոլում է տնտեսական ոլորտի արագ աճը։





























