Հայաստանի ընդդիմությունը պետք է համախմբվի։ Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ միավորումը պետք է տեղի ունենա հիմնական հարցերի շուրջ։ Պետք է սկսվեն նաև քաղաքական խորհրդակցություններ։
«Ներկայացնում եմ այն կետերը, որոնց շուրջ պետք է համագործակցել։ Առաջին՝ բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ։ Երկրորդ՝ Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն։ Երրորդ՝ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն, հատուկ ուզում եմ նշել, որ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով։ Չորրորդ՝ բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչություն», - ասել է Սաղաթելյանը։
Բացի այդ, ինչպես նշել է ընդդիմադիր պատգամավորը, իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն պետք է բացառվի։ «Այս համագործակցությունը որևէ կերպ չի կաշկանդելու որևէ քաղաքական ուժի ինքնուրույն և առանձնաբար իր քաղաքական ծրագրերը իրականացնելու ազատությունը։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները և կարողանալու ենք ունենանք մեր ամբողջական կոնսոլիդացիան՝ առնվազն վերը նշված օրակարգային հարցերի շուրջ», - նշել է դաշնակցական պատգամավորը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կանգնած է պետականության, ինքնիշխանության և ազգային ինքնության կորստի լուրջ սպառնալիքի առջև։ «Հայաստանում մենք հասել ենք մի կետի, որտեղ մեր քաղաքացիների բոլոր հիմնարար ազատությունները սահմանափակված են», - եզրափակել է ընդդիմության առաջնորդը։











