Հայաստանի գործող իշխանությունները շարունակելու են բռնության քաղաքականություն վարել։ Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում՝ ԱԺ «ՀՀ քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Սակայն, ինչպես նշել է ընդդիմադիրը, դա բնավ չի նշանակում, թե «պապն ամեն անգամ փլավ է ուտելու»։ Նա, մասնավորապես, համաձայնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության ուժերը միավորելու առաջարկի հետ։

«Գոնե մենք պետք է պարտավորություններ ստանձնենք որպես քաղաքական ուժեր՝ մարդ տրամադրելու, հավաքներ կազմակերպելու անարդար դատերի ժամանակ և վերջապես որոշակի ֆոնդ ստեղծելու՝ փաստաբանական ծառայությունների համար»,- պարզաբանել է Բագրատյանը։