Ուզում եմ ձեզ ուրախացնել, որ ես հարցաքննվել եմ, բայց ուզում եմ նաև ձեզ տխրեցնել, որ մինչև հիմա ազատության մեջ եմ, բայց կարող եմ ևս մի անգամ ձեզ ուրախացնել, որովհետև ես համոզված չեմ, որ շատ երկար ժամանակ կլինեմ ազատության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Կարծում եմ ինչ-որ մի պահի ձեզ կուրախացնեմ և կլինեմ քրեակատարողական հիմնարկում»,–ասաց նա։
«Եթե Հայաստանում մեկ նախադասության համար, որ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, այդ մարդը ամիսներ շարունակ ԱԱԾ մեկուսարանում է, և այդ մարդն էլ ազգային բարերար է, ես ինչքանո՞վ եմ ապահովագրված, որ ես չեմ լինի հաջորդը։ Կամ նույնը Միքայել Սրբազանի դեպքում, ինչ-որ մի բառ կարան գտնեն, ասում են՝ եթե մարդը կա, քրեական գործն էլ կգտնվի»,–ասաց նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ եղե՞լ են, և եթե եղել են, ապա թող նշի նրանցից 5–ի անունը, Դանիելյանն ասաց. «Ես նշել եմ, որ նորանկախ մեր հանրապետության կյանքում եղել են քաղբանտարկյալներ։ Ես չեմ ուզում որևիցե մեկին առանձնացնել, որովհետև առանձնացնելով մեկին, բաց կթողնենք մյուսին, որը իմ կողմից ճիշտ չի լինի։ Ես գնահատականները տվել եմ, ավելին ասելու չունեմ»։











