Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ պլանի հիմնական պարամետրերը Ժնեւում Կիեւի, ԱՄՆ եւ Եվրոպայի ներկայացուցիչների հետ դրանց քննարկումից հետո, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են։ Հաջորդ շաբաթ Մոսկվայում խոսակցություն կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ պլանը Ժնեւում դրա քննարկումից հետո։
Մամուլի քարտուղարին հարցրել են, թե ով պետք է ճանաչի ուկրաինական կարգավորման որոշումները՝ կոնկրետ երկրնե՞րը, թե՞ ՄԱԿ-ը։
«Դա կորոշվի բանակցությունների ընթացքում։ Այդ բոլոր նրբությունները պետք է որոշել բանակցությունների ընթացքում։ Մենք չենք ցանկանում առաջ անցնել եւ քննարկում վարել այսպիսի հրապարակային մեգաֆոնային ձեւաչափով, դա ճիշտ չենք համարում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Բացի այդ, Պեսկովին խնդրել են պարզաբանել Պուտինի խոսքերն այն մասին, որ մարտական գործողությունները կավարտվեն այն բանից հետո, երբ Ուկրաինայի ԶՈւ-ն կհեռանա իր գրաված տարածքներից։ Նրան հարցրել են, թե արդյոք խոսքը Դոնբասի մասին է, թե Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի մասին նույնպես։ «Բոլոր մանրամասները մենք այժմ չենք նշի։ Նախագահը երեկ այդ կոչն է արել։ Այդ ամենը կքննարկվի»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպումը կայացել է Ժնեւում անցած կիրակի։





























