ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները ներկայումս ամուր են և շարունակում են ամրապնդվել։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան ունենք անելու՝ դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունը պահպանելու համար։

Այսօր մենք ընդունեցինք նոր ռազմավարական օրակարգ, որն արտացոլում է մեր հարաբերությունների այս առանձնահատուկ պահը։ Մենք նաև միասին աշխատում ենք Հայաստանի հետ վիզաների ռեժիմի ազատականացման ուղղությամբ։ Անցյալ ամիս մենք ներկայացրեցինք վիզաների ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև շատ հայեր բնակվում են եվրոպական երկրներում և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի ազատ գալ եվրոպական երկրներ՝ իրենց ընկերներին այցելելու համար։

Մեր դիմադրողականության ամրապնդման ջանքերում մենք կենտրոնանում ենք Լեռնային Ղարաբաղից փախստականների, վիզայի ազատականացման և սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի վրա։ Միևնույն ժամանակ, մենք զարգացնում ենք տրանսպորտային, թվային և էներգետիկ կապը», - հավելել է Կոսը։