Չեմ ուզում մենք շտապենք, տարբեր մեկնաբանություններ անել. ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում գործող իշխանության և եկեղեցու միջև հակադրությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին,  լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը ևս ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանդիպմանը:

«Իմ կարծիքով դա չպետք է հանրայանցվեր, դա պետք է իրականացվեր փակ դռների հետևում, պատշաճ կարգով, առանց լայն հանրության ներգրավելու։ Չեմ ուզում մեկնաբանություններ տալ, մենք կսպասենք մինչև տեսնենք, թե եկեղեցու ներսւոմ ինչ զարգացումներ, ինչ որոշումներ կլինեն, և ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնենք։

Հաջորդ օրը Վրթանես սրբազանի հետ հանդիպել եմ: Ստացել եմ իր հիմնավորումները: Ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ, ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ դրա իմ եզրակացումները ես արել եմ»,-ասաց Շահրամանյանը:

Դիտարկմանը, որ եկեղեցականների դեմ այս արշավը սկսեց այն բանից հետո, երբ Վեհափառը Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց արցախցիների վերադարձի հարցը, Շահրամանյանն ասաց «Վեհափառի դիրքորոշումը Արցախի հետ կապված, արցախահայության իրավունքների հետ կապված բոլորիս հայտնի էր, և մենք կիսում ենք այդ դիրքորոշումը։ Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել Վեհափառի հետ մի քանի անգամ և շնորհակալություն եմ հայտնել իրեն այդ դիրքորոշման համար։

Չեմ ուզում միջամտել եկեղեցու ներքին պրոցեսներին և շտապողականություն դրսևորել։