Այն, թե մեր կողմից կատարված փոփոխությունները որքանով են ազդել մարդկանց կյանքի որակի վրա, վկայում է Ջինիի գործակիցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ջինի գործակիցը ցույց է տալիս, թե երկրում գեներացված եկամուտները ինչքանով են հավասարաբար բաշխվում բնակչության միջև։ Վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը էական բարելավում է ունեցել այս տեսակետից և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար և արդար է տեղի ունենում և բարելավվում է։

Ի դեպ, ես այսօր, երբ պատրաստվում էի այս ելույթին, ես Ջինիի գործակցին նորից անդրադարձա և իմ աչքը ծակեց հետևյալ. Ես ուզում էի հասկանալ՝ այս ցուցանիշը պատմականորեն լավագո՞ւյն է Հայաստանի պատմության մեջ, թե ոչ։ Պարզվեց, որ պատմականորեն լավագույն ցուցանիշը Հայաստանի համար 2020 թվականն է։ Սա խոսում է նրա մասին, որ Քովիդի ճգնաժամի կառավարման մեծ ուղղված բոլոր քննադատությունները պարզապես մտացածին են։ Մենք 2018 թվականին ընտրությունները հաղթել ենք «հոգատար հանրություն» կարգախոսի ներքո և 2020 թվին Ջինի գործակիցը ցույց է տալիս, որ մեր կառավարությունը հենց այդ ռազմավարությամբ է առաջնորդվել, և 2020 թվին երկրի արդյունքը հնարավորինս հավասարաբար է բաշխվել, սա նշանակում է, որ ճգնաժամի ժամանակ մենք առավել հասցեական աջակցություն ենք ցույց տվել մեր քաղաքացիներին»,–ասաց նա։