ՀՀ–ում կա սոցիալական և աղքատության պրոբլեմ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակվեցին, մեր գնահատմամբ դրանք բավականին լավ ցուցանիշներ են։ Ծայրահեղ աղքատությունը 0.6% է, սա նշանակում է մենք ըստ էության, շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021 թվականին։
Ընդ որում, այդ աղքատության ցուցանիշը վերաբերվում է նախորդող շրջանին մինչև ընտրություններ։ Այս մեկուկես տարվա ցուցանիշները և մեր տնտեսական աճը, չի կարող ուղղակի այդ ցուցանիշը չնվազեցնել։
Այո, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, ի վերջո, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին։ Բա ինչի՞ կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են։
Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առարեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար, պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով։
Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը, իր բարեկեցությունը չի ապահովում, էլի է պետք վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում»,– հայտարարեց Փաշինյանը։











