Ինքն իրենով «Էմո» ենթամշակույթը հանցագործություն չէ, բայց իր մեջ վտանգ է պարունակում: Այդ մասին հայտարարել է ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը` փետրվարի 3-ին կայացած ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ 2010թ. մի քանի հետաքննություններ են եղել այդ շարժման կապակցությամբ, բայց 2011թ. նման դեպքեր չեն արձանագրվել: «Այն ժամանակ շատ լրատվամիջոցներ գրեցին, թե ինչու է ոստիկանությունը հետաքրքրվում այդ շարժմամբ: Որ դա հանցագործություն չէ: Բայց մուրացկանությունն էլ հանցագործություն չէ»,- նշել է ոստիկանության գնդապետը:
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ ենթամշակույթը վտանգ է ներկայացնում, քանի որ քարոզում է դեպրեսիա, հաճախ են լինում ինքնասպանության փորձեր: Նելլի Դուրյանը, սակայն, չի հայտնել, թե որքան ինքնասպանության փորձեր են կատարել «Էմո» շարժման հետեւորդները:
Պատասխանելով դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի մասին հարցին, գնդապետը նշել է, որ նման դեպքեր եղել են, եւ բախումների կանխման համար կարեւոր է դպրոցի եւ ոստիկանության համագործակցությունը: Նրա խոսքով, երեխաները տարբեր կտրող-ծակող գործիքներ են տանում դպրոց. «Պարտադիր չէ, որ դանակ լինի: Դրանք կարող են լինել նաեւ եղունգկտրիչները»:




























