2019 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա միացրեց «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժի ձայնագրությունը, որտեղ ասվում է. «Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, թվով 13-ը դրանց շարքում նաև Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսով թվագրված այն առաջարկը, որը տևական ժամանակ ներկա ու նախկին երեք իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների թեման է:

Իսկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել, հրապարակված փաստաթուղթը սկսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ բառերով: Չնայած առաջարկի պահին Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր էր, ղեկավարն էլ վարչապետը:

Փաթեթային լուծում ենթադրող առաջարկը նախատեսում էր Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձ՝ պայմանով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի: Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:

Դրանով հանդերձ քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվի և ցանկացած արդյունք կհարգվեր կողմերի կողմից:

Առաջին փուլը ներառում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո հինգ շրջանների Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի վերադարձ Ադրբեջանին, Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ դիտարկման ներքո, իսկ ապաշրջափակման ուղղված քայլերը արդեն պետք է սկսեին հինգ շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ, մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները։ Բանակցային փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց ընդիմադիրները սկսեցին արձագանքել։ Ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, իրենց պնդումները հաստատեցին, եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, կլիներ խաղաղություն, ապաշրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը սակայն կրկին բարձրացրել է այս առաջարկին պաշտոնական Երևանի պատասխանը հրապարակելու անհրաժեշտությունը, որը հրապարակված փաստաթղթերում չկա։

«Կա երկու հնարավոր բացատրություն, առաջին Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը, երկրորդ պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը, փաստորեն մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,– նշել է Զուրաբյանը։

Փաշինյանը միայն տարեսկզբին է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը, նախքան պատերազմը 2019-ի դեկտեմբերին, հակառակն էր պնդում»։

Այնուհետեւ Մարուքյանը շարունակում է. «2019 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել, իմացել է Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ես երկուսին էլ հրավիրել եմ ֆրակցիա, երկուսն էլ ասել են՝ ոչ մի բան չկա, ոչ մի թուղթ չկա։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Նիկոլն եկել է, որ հողերը տա։ Այսինքն, Սերժ Սարգսյանն է իմացել, որ այս թուղթը կա։ Եթե Նիկոլը գնա այս լուծման, կստացվի, որ հողերը տվեց, եթե չգնա այս լուծմանը, կլինի պատերազմ, ինչպես և եղել է։ Բայց իրենք իմացել են, որ այսպիսի թուղթ կա ու չեն ասել, որ Նիկոլ ջան, գնա սա արա, պատերազմ չլինի, մենք գիտենք ինչ բանակ ունենք, մենք գիտենք ինչ իրավիճակ է տարածաշրջանում, մենք գիտենք ինչքան զենք է առել Ադրբեջանը և լինելու է պարտություն, գնա սա արա, մենք չենք ասի՝ դու եկել ես հողերը տաս։ Բայց չէ, իրենք արել են ընդհակառակը, ասել են՝ Նիկոլն եկել է հողերը տա։ Ես զարմանում եմ, որ դեռ իրենք հիմա խոսում են։

Այդ ժամանակ ԱԺ–ում եղել է երեք խմբակցություն՝ «Իմ քայլը», «ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», երեքն էլ բացարձակապես տեղյակ չեն եղել, որ այսպիսի պլան է ներկայացված։ Այսինքն մենք բոլորս մտածել ենք, որ այլընտրանք չկա պատերազմին, բայց եղել է այլընտրանք, եղել է այս խաղաղության պլանը, որը թաքցվել է բոլորից։

Լայնամասշտաբ պատերազմը սկսվել է 2020–ի սեպտեմբերի 27-ին։ Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, առանց որևէ մեկի հետ քննարկելու, հայտարարել է ամբողջական զորահավաք, մինչև 50 տարեկանը, իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի նիստ, որի ժամանակ եկել է, ասել է, որ մենք ոչ մի միլիմետր չպետք է զիջենք, գնում ենք մեռնենք։ Հիմա բացահայտվել է, որ կարար այդ պատերազմը բացարձակապես չլիներ, արդյո՞ք ժողովուրդը սրանից հետևություններ անելու է։

Կարող էին այս պլանը իրականացնել և Արցախում 150 հազար մարդ ապրեր ինչպես մինչ այդ ապրում էր։ Չեն արել, ընդ որում, ոչ միայն չի արել Նիկոլը, այլև Սերժը, չեն արել այս պլանը, բերել են մեր գլխին պատերազմ, հազարավոր զոհեր, հետևաբար երկու կողմնե խոսելու տեղ չունեն»,– հայտարարեց Մարուքյանը։

Նա նկատեց, որ այս արհավիրքի ֆոնի վրա մենք գնում ենք հունիս ամսին ընտրությունների. «Եթե Նիկոլը իմանար, որ այս թղթերը իրան վնաս կտան, չէր հրապարակի։

Այս թեմայով ես պատրաստ եմ ամեն րոպե իր հետ բանավիճեմ, ամեն վայրկյան, երբ ուզենա, ում հետ ուզում է գա: Ինքն ու Զոհրաբ Մնացականյանը կարան գան բանավիճեն։ Բայց ինքը չի գա բանավեճի իմ հետ, ինքը ուզում է բանավեճի նախկին նախագահների հետ։

Այս բանավեճը էլեկտորալ նշանակություն չունի, ինքը ունի հարցումներ, ուսումնասիրություններ և գիտի, որ ժողովուրդը սրանով չի որոշելու՝ ում ընտրի։ Ժողովուրդը հաշվում է այսպես, որ դե ինչ եղել՝ եղել է, արդեն վսյո, հիմա կա ասֆալտ, կա մենք խաղաղություն ենք ուզում։

Ավելին ձեզ ասեմ, բացահայտված է, որ այս հինգ շրջանների դիմաց 5 միլիարդ դոլարի խոսակցություն է եղել, որը Հայաստանը կարող է ստանալ այս ռեգիոնը զարգացնելու համար։ Այսինքն, հայկական բանակը չի ջախջախվում, ոնց կա այդպես մնում է, հազարավոր երիտասարդներ չեն զոհվում, այն սահմանագծումը, որ հիմա եկել են մտել Հայաստանի տարածք, ինչ ուզում խլում են, այդ արհավիրքը մեր հետ չէր կարող տեղի ունենալ, եթե Նիկոլը 19 թվին այսպես չաներ։ Սա է խոսակցությունը։

Հեսա կտեսնենք, թե այսպես կոչված, դելիմիտացիայի շրջանակներում դուք ինչ հանցագործության եք գնալու Մեղրիում, երբ որ դուք դե ֆակտո և դե յուրե կտաք միջանցք Ադրբեջանին, որ արդեն թղթերով տված է Վաշինգտոնում»,– ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։