«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին ձերբակալելու հրաման տվողը ակնհայտորեն եղել է ինչ-որ դեղի ազդեցության տակ: Այդ մասին ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով լրագրողի ձերբակալության փաստը:
Փաշինյանը ներկայացրել է նաեւ եղելությունը: Ըստ այդմ, հունվարի 12-ին Հայկ Գեւորգյանին կանգնեցրել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը եւ հարցրել, թե ինչու ԱՊՊԱ կտրոն չկա մեքենայի վրա: Լրագրողն էլ պատասխանել է, թե ԱՊՊԱ կտրոնը կփակցնի այն ժամանակ, երբ կտրոն լինի նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեքենայի վրա: Հաջորդ օրը Հայկ Գեւորգյանը եղել է էկոնոմիկայի նախարարությունում: Երբ փորձել է մեքենայով հետ շարժվել, նկատել է ինչ-որ տղամարդու: Լրագրողը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն վերջինս չի հեռացել: Հայկը նրան խնդրել է հեռանալ եւ փորձել է մեքենայով դուրս գալ նախարարության մոտ գտնվող կայանատեղից: Այդ պահին տղամարդը բռնել է ոտքը ու «վախ, ոտս» ասել: Հայկը դուրս է եկել մեքենայից եւ զայրացել անձի վրա ստելու համար ու սպառնացել է ոստիկանություն զանգահարել: Այնուհետ, տեսնելով, որ ոչ մի բան չի եղել, նստել է մեքենա, եկել խմբագրություն եւ պատմել, որ նման բան է եղել:
«Երեկոյան քննիչը ծանուցագիր է ուղարկել Աննա Հակոբյանին (Նիկոլ Փաշինյանի կնոջը-խմբ.), ում անունով գրանցված է մեքենան, ես զանգել եմ նրան եւ ասել, թե ծանուցագիրը պատշաճ լրացված չէ, ի՞նչ է նշանակում` հրավիրում ենք: Ապա քննիչը ծանուցագիր է ուղարկել Հայկ Գեւորգյանին, եւ վերջինս նույնպես քննիչին ասել է, թե ծանուցագիրը պատշաճ լրացված չէ, ինչպես պահանջում է քր.դատ.օր.-ը»,- պատմել է Փաշինյանը:
Վերջինիս խոսքով, այսօր առավոտյան իրեն է զանգել Հայկի կինը եւ հայտնել, թե հարեւանները տեսել են, որ 4-5 մեքենայով ամուսնուն տարել են անհայտ ուղղությամբ: «Վովա Գասպարյանը մասկի-շոու է կազմակերպել: Այս ձերբակալության հրամանը տալիս ինչ-որ մեկը եղել է դեղի ազդեցության տակ»,- նշեց Փաշինյանը եւ հավելեց, որ իրենց մի քանի էական նշանակության փաստեր ունեն, սակայն մարտավարական նկատառումներից ելնելով չեն հրապարակում:
«Հայկ Գեւորգյանի դեմ գործ են սարքում: Ոստիկանությունից հայտնել են «տուժածի» անունը, թե այսինչ մարդն է, գտնվում է ծանր վիճակում»,- նշեց Փաշինյանը: ՀԺ-ի թղթակիցը գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ պարզել, որ նման մարդ կա, բայց ոչ մի կապ չունի այս գործի հետ: Զավեշտալին այն է, որ գործով տուժողը հայտնել է, թե մեքենան իրեն շատ թույլ է դիպել, դրանից կտրվել է իր ոտքի ջիլը, ինքը նստել է բորդյուրին եւ գլուխը խփել ծառին:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, թե Գեւորգյանը 10 օր վարել է այդ մեքենան, գնացել կառավարություն, հոդվածներ հրապարակել, եւ ոստիկանները չեն կարողացել գտնել նրան: «Սա ցույց է տալիս Վովա Գասպարյանի ոստիկանության իրական վիճակը: Վովա Գասպարյանին պետք է ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության, նման ոստիկանապետը վտանգ է ներկայացնում հանրության համար»,- ասել է Փաշինյանը:











