Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի դպրոցներից մեկի այն աշակերտներին, ովքեր տեղի ֆուտբոլի դաշտում իրենց մարմիններով սվաստիկա էին ձևավորել, վարչական պատիժ է սպասվում։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

«Այս միջադեպում ներգրավված աշակերտները պատասխանատվություն կկրեն իրենց պատճառած վնասի համար»,- մեջբերում է հեռուստաալիքը կրթական հաստատության տնօրեն Բեթ Սիլբերգելդի հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ օրենքի համաձայն՝ դպրոցը իրավունք չունի հրապարակայնորեն քննարկել այն կարգապահական միջոցները, որոնք ձեռնարկվել են մեղավոր աշակերտների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Սան Խոսեի ոստիկանությունը ևս ներգրավվել է միջադեպի հետաքննությանը, որը իրավապահները դիտարկում են որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Չի հաղորդվում, թե ինչպիսի միջոցներ կարող են կիրառվել երեխաների նկատմամբ իշխանությունների կողմից։ Չեն բացահայտվում նաև միջադեպի մեջ ներգրավված անձանց տարիքը և անունները։

Ավելի վաղ Los Angeles Times թերթը հայտնել է, որ այդ դպրոցի աշակերտներն իրենց մարմիններով սվաստիկա են ձևավորել տեղի ֆուտբոլի դաշտում։ Այս լուսանկարը արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, իսկ դրա հեղինակները պատկերն ուղեկցել են նաև «Ադոլֆ Հիտլերի հակասեմական մեջբերմամբ»։

Երեխաների պահվածքն անմիջապես դատապարտել են տեղական իշխանությունները և ուսումնական հաստատության ղեկավարությունը։ Սան Խոսեի իշխանություններն ու ոստիկանությունը հավաստիացրել են, որ աշխատանք կտարվի ամերիկյան հրեական իրավապաշտպան կազմակերպության՝ «Հակազրպարտության լիգայի» (Antidefamation League) հետ, ինչպես նաև քաղաքի և նահանգի հրեական համայնքների հետ՝ նպատակ ունենալով ապագայում թույլ չտալ նմանատիպ միջադեպեր։