Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, այն ուղղված է Աստծուն և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող խոսել, բայց այո՛։ Գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ՝ մինչ այդ այցելությունները», - նշել է նա։
Նրա խոսքով՝ եկեղեցիներում որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական երանգ ունեցող հայտարարություններ անել, որոնք նպատակ ունեն շեղել ուշադրությունը պատարագից։ «Այս սադրիչ գործողություններին իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերում և քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։ ։
Ընդ որում, շատ քաղաքացիներ ասում են, որ իրենց կյանքում առաջին անգամ են մասնակցում պատարագին, քանի որ հավատում են եկեղեցու նորոգման ուղուն և աջակցում են այս գործընթացին», - ընդգծել է Ավանեսյանը։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի երեխաներ ունենալու մասին հրապարակումների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ նախարարը հավելել է, որ վերջինս զղջացել է։ «Սա նույնպես պետք է գնահատել», - նշել է նա։
Ըստ նրա՝ «այդ մարդկանցից» պահանջվում է քաջություն, որպեսզի նրանք հստակ դիրքորոշում հայտնեն այն մասին, որ եկեղեցու կանոնադրությանը հետևելը պետք է լինի միանշանակ, իսկ բարոյական և կանոնադրական նորմերին հետևելը պետք է լինի միակ հնարավոր տարբերակը։
Նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ օտարերկրյա գործակալների մասին հայտարարությունը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը։
«Ե՛վ կաթողիկոսը, և՛ մյուս բոլոր հոգևորականները պետք է լինեն Հայաստանի շահերին ծառայող անհատներ, նրանք պետք է նվիրված լինեն Հայաստանի ժողովրդին։ Այս ամբողջ գործընթացը կապված է դրա հետ», - եզրափակել է Ավանեսյանը։











