Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նեղ կազմով նիստի մասնակիցների թվում են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Բաքիտժան Սագինտաևը։
Միջոցառման մեկնարկից առաջ Միշուստինը Փաշինյանին դիմավորել է Ռուսաստանի կառավարության շենքում և նրա հետ միասին լուսանկարվել։
Միջոցառման ընթացքում Միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն եվրասիական տնտեսական ինտեգրումն էլ ավելի խորացնելու հարցերը, ավելի վաղ հայտնել էին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, էներգետիկ, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ նրա ինքնաթիռը գիշերը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով և ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի օդանավակայան։





























