Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կառուցված է այն տրամաբանության վրա, որ ինքը չարչիություն է անում մի մայրաքաղաքից, մյուս մայրաքաղաք, գնում է Բրյուսել, Բրյուսելում բողոքում է Մոսկվայից, գնում է Մոսկվա, Մոսկվայում բողոքում է Բրյուսելից, գնում է Վաշինգտոն, բողոքում է երկուսից էլ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ինքը չարչիություն է անում, չարչիությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Որ կողմից ավելի շատ ճնշում, այս կամ այն տեսքով պահանջներ լինեն, որ կողմից ավելի շատ երաշխիք կլինի իր իշխանության պահպանման համար, ի օգուտ այդ կողմի էլ այս կամ այն որոշումը կկայացնի.,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք իշխանությունը տեսնում է, որ կա ընտրություններով չընտրվելու իրական վտանգ, Մամիջանյանը պատասխանեց. «Ես բախտագուշակ չեմ, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, կան փորձագետներ, որոնք համարում են, որ սա թուլության նշան է, ու ես կարդում եմ այդ փորձագետներին»։