TikTok-ը ստորագրել է պարտավորեցնող համաձայնագիր իր ամերիկյան ընկերությունը վաճառելու մասին համատեղ ձեռնարկությանը, որը վերահսկվում է  ԱՄՆ ներդրողների՝ Oracle-ի, Silver Lake-ի եւ MGX-ի կողմից։

Գործարքը, տեղեկացրել է Associated Press-ը, նախատեսված է կնքել փետրվարի 22-ին։ Այս ամսաթիվը նշվել է TikTok-ի գլխավոր տնօրեն Շոու Ցզի Չուի՝ աշխատակիցներին ուղղված նամակում, որին ծանոթացել է գործակալությունը։

Գործարքի կնքումից հետո TikTok-ի ամերիկյան մասի աշխատանքը, ինչպես նշվել է, կհամապատասխանի «ամերիկացիների գաղտնիության եւ ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության» սկզբունքներին։ Մասնավորապես, ԱՄՆ օգտատերերի տվյալները կպահվեն տեղի մակարդակով՝ Oracle-ի վերահսկողության ներքո։

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ իշխանությունները փորձել են երկրի ներսում վերահսկողություն սահմանել TikTok-ի նկատմամբ, որը պատկանում է չինական ByteDance-ին։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփը փորձել է արգելել TikTok-ը ԱՄՆ-ում իր առաջին ժամկետի ընթացքում (դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը), նրա իրավահաջորդ Ջո Բայդենը նույնպես օրենք է ընդունել, որն արգելում էր հարթակը, եթե դրա սեփականատերը՝ չինական ByteDance-ը, չվաճառի իր բաժնեմասը։

2025թ․ սեպտեմբերին Թրամփը, որն այդ ժամանակ արդեն վերադարձել էր Սպիտակ տուն, հայտարարել է, որ համաձայնության է եկել Չինաստանի կառավարության հետ «TikTok գործարքի» վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվել է, որ ընկերության ամերիկյան մասը պետք է վաճառվեր ամերիկացի ներդրողների կոնսորցիումին։