Նախընտրական շրջանում եկեղեցու դեմ պայքարն իշխանության օգտին չի աշխատելու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Այն, որ ՔՊ–ի ներսում կա պայքար, որովհետև արդեն կարծեք թե կիսելու բան ունեն, դա պարզ երևում է նաև իրենց ապագա ցուցակում տեղ գրավելու քաստինգից, թեև մինչ այդ էլ տարբեր թեմաներով՝ սկսած 44-օրյա պատերազմի հայտնի զեկույցից վերջացրած բեթինգային խաղերի լոբինգի հետ կապված օրինագիծ մտցնել-չմտցնելուց, վերջացրած այս քաստինգից, թե ով է մտնում ցուցակ, ով է փորձում մի կողմ քաշվել, ում են ասում՝ դու էլ պետք չես, ինչ նոր դեմքեր են փորձում բերել։ Սովորաբար իշխանության ներսում սկսում է պայքար, երբ կա կիսելու բան, իսկ որ կիսելու բան կա, դա երևում է շատ պարզ»,–ասաց նա։
Հարցին՝ ՔՊ–ում ո՞ր թևերն են ավելի ակտիվ, քղտեխնոլոգը պատասխանեց. «Ամենաակտիվը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Կարծեք թե այս ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանի թևը ալիքի վրա է, կարողանում է Հայկ Սարգսյանին հաղթել և դուրս մղել ցուցակից, Ռուբեն Ռուբինյանն է ակտիվ, գուցե ուզում է ԱԺ նախագահ դառնալո։ Այդ դեպքում մենք կտեսնենք Ալեն Սիմոնյան–Ռուբեն Ռուբինյան նոր պայքար։
Պայքարից դուրս է մնացել նաև ԱԺ մյուս փոխնախագահը՝ Հակոբ Արշակյանը։ Ես չեմ հավատում, որ նա ինքնակամ է նման որոշում կայացրել։ Այ որ Խաչատուր Սուքիասյանն է ինքնակամ հրաժարվել, դրան ես հավատում եմ։ Ինքը ունի այդ քաշը, որ ինքը հրաժարվի։ Հակոբ Արշակյանը այդ ֆիգուրը չի էլի, որ ինքը հրաժարվի»։
Կարեն Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի մտքում միայն մեկ բան է՝ մնալ իշխանության, մնացած ամեն ինչը ածանցյալ են. «Պարզ է, որ ներքին խնդիրներից բացի կան նաև արտաքին խաղեր, արտաքին գործոններ և Նիկոլ Փաշինյանը փորձում է ոսկե մեջինը գտնել՝ պահել ինչ-որ մարդկանց, բայց ինչ-որ առումով նաև ափդեյթ անել դեմքերը։ Նա իր հատվածի հնի ու նորի միքս է փորձում ստանալ»։











