Պարոն Ավինյան, կարո՞ղ եք բացատրություն տալ, թե աշխատանքային ժամին Աջափնյակի թաղապետարանի աշխատողը ի՞նչ գործ ուներ, զվռնում էր Մայր աթոռի բակում ու մի հատ էլ մեկնաբանություններ էր տալիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Կանաչապատման հիմնարկի՝ Բեգոյանի օֆիսի էն տղան ի՞նչ գործ ուներ աշխատանքային ժամին, կամ շտապօգնության ժողովրդին ուղարկել էիք, գոնե շտապօգնության մեքենան էլ հետը ուղարկեիք: Այնտեղ շտապօգնություն էին կանչել, մարդ չկար շտապօգնությունով գալու։ Աշխատանքային ժամին քաղաքապետարանի աշխատողները ի՞նչ իրավունք ունեն շրջիկ թափառախմբի անդամներ դառնան։ Դրա համա՞ր ենք պարգևավճար տալիս։ Մի մասն էլ ամոթից գնացել պատերի տակ էին կանգնել, մալադեց այդ մարդկանց, իրենց չեմ անդրադառնա»,–ասաց նա։
Այնուհետեւ Մանուկյանը դիմեց երևանցիներին. «Սիրելի երևանցիներ, հաջորդ տարի դուք վճարելու եք 26 միլիարդ դրամ գույքահարկ։ Միասնական տոմսային համակարգով այս մարդիկ նորամուծություն արեցին, բերեցին, ներդրեցին Թելսելը, դարձավ մփորձանք, սկսեցին ավելի քիչ փող հավաքել։ Էս ծավալի փող, որ կորում է մեր բյուջեից, դրա համար մի հոգի պատասխանատվություն կրո՞ւմ է, թե չէ։
Սիրելի երևանցիներ, հաջորդ տարի չի լինելու ճոպանուղին, չեն լինելու նոր ավտոբուսներ, չեն լինելու նոր ենթակառուցվածքներ, չի լինելու նոր մանկապարտեզ։ Այդ 13 մանկապարտեզը ամեն տարի խոսք են տալիս, հիմա ես ո՞նց հավատամ, որ եկող տարի լինելու է։
Երևանը բեռնաթափված չի լինելու, Երևանի քաղաքային իշխանությունը մի հատ ավտոկայանատեղի չի պլանավորել, որ կառուցի, երբ քաղաքի բեռնաթափման համար ամենահենքային խնդիրներից մեկը նոր արենատեղիների կառուցումն է։
Դրա փոխարեն թաղապետներին 707 միլիոն դրամ գրեֆ է հասնում, հրատապ խնդիրների լուծման հարցեր»,– ընդգծեց նա։











