Ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։
«Ենի կլինիկա» վերակենդանացման բաժանմունքի վարիչ Էմիլ Գասիմովը APA գործակալությնաը հայտնել է, որ 70-ամյա Խաչատրյանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ի գիշերը շտապ հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծանր վիճակում, ծանր աորտայի ստենոզի, միջին չափի միտրալ ստենոզի և դեկոմպենսացված խրոնիկական սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։
Էմիլ Գասիմովը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժման միջոցառումները, դրանց թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունք են տվել։
«Բուժառուն դուրս է եկել կյանքին սպառնացող ծանր փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո»,- նշել է նա։




























