Մեքսիկայի Օախակա նահանգում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 98-ը, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X սոցիալական ցանցում։
Նա ասել է, որ վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։
Ավելի վաղ Մեքսիկայի ռազմածովային նախարարությունը հայտնել էր, որ ռելսերից դուրս եկած գնացքում եղել է 241 ուղևոր և անձնակազմի ինը անդամ։
Մեքսիկայի ռազմածովային ուժերը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և հայտարարել, որ պատրաստ է անհապաղ աջակցություն ցուցաբերել տուժածներին։
Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Օախակա նահանգի հարավային Չիվելա և Նիսանդա քաղաքների միջև։
Մեքսիկայի գլխավոր դատախազ Էռնեստինա Գոդոյ Ռամոսը, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։





























