Իսպանացի հայտնի նկարիչ եւ քանդակագործ Անտոնի Տապիեսը, որը եվրոպական աբստրակցիոնիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, 88 տարեկան հասակում  մահացել է Բարսելոնայում:

Տապիեսն իր ստեղծագործելու առաջին տարիներին կրել է Խուան Միրոյի եւ Սալվադոր Դալիի ազդեցությունը եւ բանաստեղծ Ժոան Բրոսի հետ հրատարակել «Յոթնանկյուն քառակուսի» ամսագիրը: Գնալով Ֆրանսիա` Տապիեսը ծանոթացել է մի շարք մեծ նկարիչների հետ, այդ թվում` Պաբլո Պիկասոյի, գրում է kommersant.ru-ն:

Նա հայտնի է դարձել աղբից եւ ամենօրյա կենցաղային թափոններից պատրաստված իր կտավներով եւ կոմպոզիցիաներով: Այսպես, նրա ամենահայտնի աշխատանքներից է գուլպայի երեքմետրանոց մոդելը` գարշապարի հատվածում ունեցած անցքով: Տապիեսն այն պատրաստելիս օգտագործել է իսկական գուլպաներ, ինչպես նաեւ կերամիկա, գործվածքներ եւ նման նյութեր:

Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում: Բացի այդ, նկարիչը արվեստի փիլիսոփայության մասին մի քանի գիրք է հեղինակել:

El Mundo թերթը նրան անվանել է  «XX դարի վերջին մեծ նկարիչ»:

Տապիեսի արվեստը արժեւորվել է բազմաթիվ պարգեւներով, դրանց թվում են Ռուբենսի մրցանակը (1972), Ճապոնիայի կայսրական մրցանակը (1990), Վելասկեսի մրցանակը (2003) եւ այլն: 2010թ. Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը Տապիեսին մարքիզի տիտղոս է շնորհել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: