Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է երկխոսության` երկրի քաղաքական բոլոր ուժերի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Դամասկոսում կայացած բանակցությունների արդյունքում:
Նշելով, որ բռնության դադարեցման փորձերը պետք է ուղեկցվեն բոլոր քաղաքական ուժերի երկխոսությամբ, Լավրովն ասել է, որ այսօր ստացվել է Սիրիայի նախագահի` այդ աշխատանքին համագործակցելու պատրաստակամության հաստատումը:
«Մասնավորապես, Բաշար Ասադը հաստատել է, որ Ազգային երկխոսության հանձնաժողովը բոլոր իրավասություններն ունի դրա անցկացման համար», - նշել է նա, ավելացնելով, որ սիրիական կողմից խնդրանք է ստացվել ընդդիմադիր խմբերի վրա ազդելու համար, որոնք դեռեւս երկխոսության չեն գնում:
Ըստ Լավրովի` Սիրիայի նախագահը Ռուսաստանին վստահեցրել է, որ լիովին հավատարիմ է բռնության դադարեցման խնդրին, որտեղից էլ որ այն ծագի:
Նա նաեւ հայտարարել է, որ Սիրիան շահագրգռված է, որպեսզի Արաբական երկրների լիգայի դիտորդների առաքելությունը շարունակի իր աշխատանքը եւ ավելացնի իր դիտորդների քանակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններն սկսելով, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, եւ կարծիք է հայտնել, որ սիրիական առաջնորդի մոտ այդ գիտակցությունն առկա է:
«Ցանկացած երկրի ղեկավար ցանկացած երկրում պետք է գիտակցի իր բաժին պատասխանատվությունը: Դուք ձերը գիտակցում եք», - ասել է ռուս նախարարը` դիմելով Բաշար Ասադին:
Բանակցություններին մասնակցում է նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը:




























