Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 7-ին, ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարեւորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը:
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաեւ Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը: «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է եւ ԱԷՄԳ-ի, եւ Եվրամիության, եւ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է եւ գործող կայանի աշխատանքի, եւ՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, եւ՛ նոր շինարարության տեսանկյունից»,- ասել է Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:
Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում Սերգեյ Կիրիենկոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:




























