Եվրոպական ժողովրդական կուսակցության` փետրվարի 9-ին կայանալիք կոնֆերանսի ժամանակ կդիտարկվի Հայաստանի հանրապետական կուսակցության` դե-յուրե անդամակցության հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կոնֆերանսը կայանալու է փետրվարի 9-ին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը հույս ունի, որ դրական որոշում կկայացվի»,-ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ամենախոշոր համաեվրոպական կուսակցությունն է, որը միավորում է քրիստոնեա-դեմոկրատական եւ պահպանողական ուղղություն ունեցող կուսակցություններին: Դրա մեջ ներառված են 72 կուսակցություն ԵՄ-ի անդամ 26 երկրներից եւ եւս 13 երկրից, որոնք չեն մտնում ԵՄ-ի մեջ:
Այսօր ԵՄ-ի 14 երկրներում եւ 6 եվրոպական երկրներում Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամները կամ գտնվում են իշխանության գլուխ, կամ էլ մտնում են իշխող կոալիցիայի մեջ:
Հիշեցնենք, որ մի շարք հայկական կուսակցություններ, այդ թվում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը հայտ են ներկայացրել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու համար:




























