Այսօր՝ հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այսօր երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն կտանեն: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: