Հելսինկիի շրջանային դատարանը կալանավորման օրդեր է տվել Fitburg բեռնատար նավի անձնակազմի անդամներից մեկի նկատմամբ, որը կասկածվում է ստորջրյա մալուխը վնասելու մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է քննչական խմբի ղեկավար Կիմմո Հուխտա-ահոն։

Կալանավորվածը Ադրբեջանի քաղաքացի է։ Հուխտա-ահոն չի մեկնաբանել նրա գտնվելու վայրը։

Նավի անձնակազմը բաղկացած է 14 հոգուց։ Նավաստիները Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են։

Նավը կասկածվում է Ամանորի նախաշեմին Ֆիննական ծոցում Elisa ընկերության հեռահաղորդակցման մալուխը վնասելու մեջ։

LSEG-ի տվյալներով՝ նավը պատկանում է Fitburg Shipping Company Ltd ընկերությանը և կառավարվում է Albros Shipping and Trading Ltd-ի կողմից։ Այն նավարկում է Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադինների դրոշի ներքո։ Մալուխի վնասման պահին Fitburg նավը Սանկտ Պետերբուրգից ուղևորվում էր դեպի իսրայելական Հայֆա քաղաք։

Սա Բալթիկ և Հյուսիսային ծովերում մալուխների վնասման կամ կտրման առաջին դեպքը չէ, որը կապվում է Ռուսաստանի հետ: 2024 թվականի դեկտեմբերին Ֆինլանդիայում կալանավորվել էր Eagle S լցանավը, որը Կուկի կղզիների դրոշի ներքո տեղափոխում էր ռուսական նավթ: Ֆինն քննիչները կարծում էին, որ դրա 11,000 կգ կշռող խարիսխը Ֆիննական ծոցի հատակով քարշ է եկել 90 կմ տարածության վրա՝ վնասելով ֆինն-էստոնական Estlink 2 էլեկտրական մալուխը և չորս ինտերնետային գծեր: Ըստ նրանց պնդման՝ Eagle S լցանավը «ստվերային նավատորմի» մաս է կազմում:

Արդյունքում մեղադրանքներ են ներկայացվել նավապետին և առաջին օգնականին (Վրաստանի քաղաքացի), սակայն դատարանը մերժել էր դրանք: Դատարանում մեղադրյալները հայտարարել էին, որ նավի խարիսխն ընկել է աննկատ ձևով:

2025 թվականի հունվարին Նորվեգիան, Լատվիայի հարցման հիման վրա, կալանավորել էր Silver Dania նավը՝ ռուսական անձնակազմի հետ միասին: Նավը կասկածվում էր Լատվիայի և Շվեդիայի միջև ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխը վնասելու մեջ: Silver Dania-ն նավարկում էր Սանկտ Պետերբուրգի և Մուրմանսկի միջև: