Կենցաղային ռոբոտաշինության ոլորտի նոր մշակումը՝ Brolan ClearX-ը ինքնավար ռոբոտ է, որը ստեղծվել է կոշիկները մարդու նվազագույն մասնակցությամբ մաքրելու համար, գրում է Interesting Engineering-ը։

Այս ռոբոտը համատեղում է սենսորային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և նուրբ մաքրման մեխանիզմները, ինչը թույլ է տալիս ինքնաբերաբար որոշել կոշիկի մակերևույթի աղտոտվածությունը և զգուշորեն հեռացնել այն։

ClearX-ի կառուցվածքը հիշեցնում է փոքր հարթակ, որի վրա օգտատերը դնում է կոշիկները։

Ի տարբերություն մաքրող սովորական սարքերի, որտեղ պահանջվում է ձեռքով կառավարում կամ ռեժիմների փոփոխություն, ClearX-ը հագեցած է տվիչներով և տեսախցիկներով, որոնք վերլուծում են աղտոտվածության աստիճանը, նյութերն ու կոշիկի ձևը։ Այս տվյալների հիման վրա համակարգն ինքնաբերաբար ընտրում է մաքրման լավագույն ալգորիթմը՝ կարգավորելով խոզանակների շարժման ինտենսիվությունն ու ուղղությունը, ինչպես նաև շփման համար օգտագործվող մակերևույթների տեսակները։

Նախագծի հիմքում արհեստական բանականությունն է, որը սովորել է տարբերակել աղտոտվածության տարբեր տեսակները՝ փոշուց ու ցեխից մինչև ավելի կայուն հետքեր, և յուրաքանչյուր դեպքի համար ընտրել առավել համապատասխան ռազմավարություն։ Դա թույլ է տալիս ռոբոտին հարմարվել կոշիկի տարբեր ոճերին՝ ամենօրյա մարզակոշիկներից մինչև դասական տարբերակներ։

Բացի մակերևույթի խելացի վերլուծությունից, ClearX-ն ունի ինքնուսուցման համակարգ, որը հետևում է մաքրման յուրաքանչյուր գործընթացի արդյունքին և շտկում իր ալգորիթմները՝ ժամանակի ընթացքում բարձրացնելով արդյունավետությունը։ Դրա շնորհիվ ռոբոտը «խելացիանում է» յուրաքանչյուր հաջորդ գործողության հետ։

Արտադրողն ընդգծում է, որ սարքը նպատակ ունի հարմարավետ դարձնել դրա օգտագորումը. ռոբոտը բավականին կոմպակտ է նախասրահում կամ զգեստասենյակում տեղադրելու համար, իսկ կառավարումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով, որտեղ օգտատերը կարող է սկսել գործընթացը, հետևել ընթացքին և ծանուցում ստանալ ավարտի մասին։

ClearX-ը հագեցած է նաև նյութերի անվտանգ մաքրման համակարգով, ինչը նվազեցնում է նուրբ կաշվե կամ տեքստիլ մակերևույթների վնասման ռիսկը։ Դրան հասնում են փափուկ խոզանակների, ազդեցության կարգավորվող ինտենսիվության և մակերևույթի կետային վերլուծության համակցման շնորհիվ։

Brolan ClearX-ի մշակումն արտացոլում է կենցաղային այնպիսի լուծումներ ստեղծելու միտումը, որոնք իրենց վրա են վերցնում առօրյա խնդիրները։ Նմանատիպ ինքնավար սարքերը թույլ են տալիս օգտատերերին խնայել ժամանակը և կենտրոնանալ ավելի կարևոր գործերի վրա։

Առայժմ ClearX-ը ներկայացված է որպես նորարարական ապրանք տնային խելացի սարքերի ոլորտում, սակայն մշակողների հետագա ծրագրերը ներառում են գործառույթների ընդլայնում, ինտեգրում տնային էկոհամակարգերին և հնարավոր օգտագործում առևտրային տարածքներում, ինչպիսիք են հյուրանոցները կամ գրասենյակները, որտեղ կոշիկների ավտոմատ մաքրումը կարող է դառնալ հարմարավետ ծառայություն։