Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը պետք է «արագ ուղղի» արհեստական բանականության հիման վրա գործող Grok չատ-բոտի ալգորիթմները, այլապես գործիքը կբախվի ԵՄ Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) շրջանակներում կիրառվող միջոցներին։ Այս մասին հայտարարել է Տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով եվրոպական հանձնակատար Հեննա Վիրկկունենը:

«Այժմ X ընկերությունը պետք է ուղղի իր արհեստական բանականության գործիքը ԵՄ-ում և դա պետք է արվի արագ։ Հակառակ դեպքում, մենք առանց վարանելու գործի կդնենք DSA-ն ողջ ծավալով՝ քաղաքացիներին պաշտպանելու համար», - գրել է նա X-ում։

Վիրկկունենը նաև «սարսափելի» է անվանել Grok-ի օգտագործումը «մերկ կանանց և երեխաների պատկերների ստեղծման ու տարածման համար»։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն (ԵՀ) արդեն հետաքննություն է սկսել և պարտավորեցրել է X ընկերությանը պահպանել ներքին փաստաթղթերը։

ԵՄ-ում X-ի դեմ հետաքննությունը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Եվրահանձնաժողովը կասկածում է ընկերությանը Թվային ծառայությունների մասին օրենքի խախտման մեջ, որը պարտավորեցնում է ինտերնետային ռեսուրսների օպերատորներին առանց դատական որոշումների հեռացնել Եվրոմիությունում արգելված մակնշումով բովանդակությունը։ Հունվարի 8-ին ԵՀ-ն մեղադրել է X-ին Grok-ի միջոցով հակասեմական և մանկապիղծ բովանդակության ստեղծման մեջ և հրահանգել է հարթակին մինչև 2026 թվականի վերջը պահպանել այս նեյրոցանցին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Նման հրահանգը փաստացի նշանակում է, որ Եվրահանձնաժողովը նոր իրավական մեղադրանքներ է նախապատրաստում X-ի դեմ։