Հայաստանում երբեմն հնչում են խոստումներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման մասին: Չինովնիկների ելույթների համաձայն` մեր երկրում տնտեսության այդ հատվածը անշեղ աճում է: Սակայն իրականությունը հեռու է հայտարարածից:
Նախ նշենք, որ 2011-ին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 634,6 միլիարդ եւ նախորդ տարվա համեմատ աճել են ուղիղ 10 տոկոս: Հայաստանում հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարձր չէ, ինչն ակնարկում է նաեւ ստվերային տնտեսության մասին: Որոշ հաշվարկներով, «ստվերը» հասնում է 40 տոկոսի:
Հիմնախնդրի մյուս ասպեկտը տնտեսության կենտրոնացվածությունն է: Նկատենք, որ ընկերությունների վճարած հարկերը համաչափ են եկամուտին, շահույթին, աշխատակազմին: Ինչքան շատ է հարկը, այնքան է մեծ գործունեության մասշտաբը:
2011-ին խոշորագույն հարկատուները վճարել են 483,5 միլիարդ դրամ հարկ, ինչը 50,7 միլիարդ դրամ կամ 11,7 տոկոս բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Խոշորագույն հարկատուները պետբյուջեի հարկային եկամուտների միջին ցուցանիշը գերազանցել են 1,7 տոկոս, ինչը դրական է: Սակայն խոշորագույններից բացի Հայաստանում մոտ 100 հազար հարկատու կա: Հարկային վճարումների անհամաչափությունը հսկայական է: Պետական բյուջեն խոշորագույնների հույսին է: Դրանցից որեւէ մեկի ֆորսմաժորային իրավիճակի դեպքում պետական բյուջեն հսկայական կորուստ կունենա:
Օրինակ` միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անցած տարի ապահովել է պետական բյուջեի բոլոր հարկային եկամուտների 4,7 տոկոսը, ինչը ողջունելի է, սակայն նաեւ ռիսկային: Կոմբինատի բարգավաճումը կախված է համաշխարհային շուկայի փոփոխական կոնյունկտուրայից:
«Խոշորագույն» տերմինն էլ կարող է մոլորության մեջ գցել: Առաջին 1000 հարկատուների ցուցակի վերին եւ ստորին հատվածներում գտնվող ընկերությունների վճարած հարկերի տարբերությունը հսկայական է եւ առաջին 10 եւ վերջին 10 ընկերությունների միջեւ հասնում է 205 անգամի:
Բեւեռացումը վկայում է, որ այդքան ցանկալի փոքր եւ միջին բիզնեսը երկրում կամ չի կայացել, կամ էլ չի վճարում հարկեր շրջանառությանը համապատասխան:
Սպառողական շուկայում առկա են բնական մենաշնորհներ, որոնց կազմում գործող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ ռացիոնալ չեն աշխատում: Դրա հետեւանքով բարձրանում են գներն ու սակագները: Այդ պատճառով ստիպված ենք համակերպվել խոշորագույն հարկատուների ցուցակի վերին հատվածում «ՀայՌուսգազարդի», «Հայաստանի էլեկտրացանցերի» եւ մյուսների առաջատարությունը:
Նույնը վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին: Հայաստանի բնակչության համար երեք օպերատորների մրցակցությունն օպտիմալ է, եթե, իհարկե, «մրցակիցները» որեւէ հարցում համաձայնության չգան:
Խոշորագույնների ցանկում է նաեւ ոչ անհայտ «Ալեքս Գրիգը», որը գերիշխող դիրք ունի մի շարք ապրանքային շուկաներում, եւ առանձին պարենային մթերքների միակ ներմուծողն է: Վերին տողերում են նաեւ վառելիք ներկրողները: Բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում գերիշխող են «Սիթի Պետրոլ Գրուպը» եւ «Ֆլեշը»: Նույն իրավիճակը նաեւ ծխախոտի ներմուծման ոլորտում է:
«Գերիշխող» դեռ չի նշանակում մենաշնորհ, սակայն եթե մրցակցային շուկայում զգալի մասը զբաղեցնում են երկու-երեք ընկերություններ, ապա հնարավոր են նաեւ չարաշահումներ` մրցակիցներին դուրս մղելուց մինչեւ գնի բարձրացում:




























