Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Մեդվեդեւը մանրամասն ներկայացրել է Ռուսաստանը դիրքորոշումը, ընդգծել համաձայնեցված մոտեցումների որոնումը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սիրացիների կողմից այդ խնդրի լուծմանը հասնելու նպատակով»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հենց այդ մտահոգությամբ է պայմանավորված Ռուսաստանի ու Չինաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիային վերաբերող բանաձեւի նկատմամբ վետոյի կիրառումը:

Ըստ Մեդվեդեւի, նման բանաձեւը չէր նպաստի ճգնաժամից խաղաղ ելքի որոնումներին:

«Ռուսաստանի նախագահը նշել է այն դերը, որը խաղում է Թուրքիան տարածաշրջանային խնդիրներում, հաշվի առնելով նրա միջազգային հեղինակությունը եւ Սիրիայի հետ հին բարիդրացիական հարաբերությունները: Այդ դերը կարող է պահանջված լինել միջսիրիական համապարփակ երկխոսության հասնելու գործում»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Էրդողանը ցանկանում է Մեդվեդեւի հետ քննարկել սիրիական խնդիրը: