Պետական որոշման շրջանակներում ամսական, եթե չեմ սխալվում, 1,5 մլն դրամի չափով (մոտ 4 հազար դոլար – խմբ.) վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնյաներին պարգևավճարներ տալու որոշումը նա անվանել է անհրաժեշտություն, այդ թվում՝ պետության և նրա ինստիտուտների ամրապնդման ռազմավարության շրջանակներում։ Փաշինյանը հավաստիացրել է, որ պետական ծառայողների աշխատանքի վարձատրության նոր համակարգ է ներդրվել՝ պետական ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ սա 2018 թվականից իրականացվող «զրո կոռուպցիա» քաղաքականության շարունակությունն է։
Որպես նման համակարգի ներդրման անհրաժեշտության մեկ այլ հիմնավորում՝ Փաշինյանը նշել է պետական համակարգում աշխատանքային պայմանների մրցունակության բարձրացման կարևորությունը, քանի որ պետական մարմիններից դեպի մասնավոր հատված որակյալ մասնագետների արտահոսք է նկատվում։ «Մենք վերջին շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ», - նշել է Կառավարության ղեկավարը։
Նրա գնահատմամբ՝ հայտնի շրջանակները պաշտոնյաների դեմ բազմամիլիոնանոց հայցեր են ներկայացնում դատարան։ Նա դա անվանել է պետական համակարգի աշխատանքը կաթվածահար անելու փորձով հիբրիդային սպառնալիք։ «Մեկ այլ գործոն է ՀՀ-ում ակնկալվող ներդրումները։ Առաջիկայում Հայաստան են հոսելու մեծ ներդրումներ և մեծ մրցակցություն է առաջանալու ներդրումային ծրագրեր իրականացնելու համար և այս առումով կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ», -եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։











