Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը Բրյուսելում հունվարի 29-ին։ Այս մասին տեղեկացրել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով եվրոպացի երկու դիվանագետի։
Նրանց տեղեկացմամբ՝ առաջարկվող ցուցակը ներառում է 21 կետ ԵՄ պատժամիջոցային ռեժիմի շրջանակում՝ մարդու իրավունքների խախտման համար։ Բացի այդ, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը առաջարկում է պատժամիջոցների մեջ ներառել 10 կետ՝ կապված անօդաչուների արտադրության հետ։
Politico-ն նշել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացման առավել եռանդուն կողմնակիցներն են Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները։ Սակայն, ինչպես տեղեկացրել է Euractiv պորտալը, Եվրամիությունը մտադիր չէ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ (ԻՀՊԿ-ն, իրանական ԶՈւ էլիտար զորամասեր) հայտարարել ահաբեկչական կազմակերպություն Հռոմի, Փարիզի եւ Մադրիդի դիմադրության պատճառով։
Ավել վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ ԵՄ-ը չի բացառում հակաիրանական պատժամիջոցների հետագա խստացումը։





























