Վոստոկ լճում կարող են միանգամայն նոր, ժամանակակից գիտությանն անհայտ կենդանի օրգանիզմներ գոյատեւել, կարծում են ռուս գիտնականները: 20 միլիոն տարուց ավելի է լիճը ծածկված է սառույցով: Այնտեղ թթվածնային գերհագեցած միջավայր է:
Պետերբուգյան միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Սերգեյ Բուլատը պատմել է, որ գիտությանն անհայտ է «թթվածնասեր» մանրէների խումբը, քանի որ մանրէները հայտնվել են թթվածնից առաջ: Եթե դրանք այնտեղ հայտնաբերվեն, դա բեկումնային կլինի կյանքի էվոլյուցիայի պատմության մեջ: Իսկ եթե այնտեղ կյանք չկա, դա եւս ոչ պակաս կարեւոր բացահայտում է, քանի որ դա կլինի Երկրի վրայի միակ վայրը, որտեղ ոչ մի տեսակ կյանք գոյություն չունի:
Բուլատի խոսքով` ջրում կարող է լիտրում 0,7-1,3 գ թթվածին պարունակվել, ինչը մանրէների համար մահացու է: Այնպես որ, եթե ջրում մանրէներ հայտնաբերվեն, դրանք, գիտնականի խոսքով, «Երկրի վրա ոչ երկրային կյանքի գոյության» ապացույց կլինեն:
Մեկ այլ հիպոթեզի համաձայն` Վոստոկ լճի ջրերում կարող են գոյություն ունենալ ոչ միայն կյանքի պարզագույն, այլեւ բարդ ձեւեր: Բանը նրանումն է, որ լիճը սնուցվում է ստորերկրյա տաք աղբյուրներից:
Մակրոմանրադիտակային մարմինները լիճ կարող են ներթափանցած լինել այն ժամանակներում, երբ Վոստոկը պարզ լիճ էր: Այն ժամանակ այնտեղ կարող են ապրած լինել ձկներ եւ այլ կենդանիներ, կարծում են փորձագետները: Սակայն հետագայում, երբ մայրցամաքն սկսել է մասնատվել, լճով կտորը շարժվել է դեպի Հարավ եւ շուրջ 20 միլիոն տարի առաջ ծածկվել սառցաշերտով:
Արեւմտյան մասնագետներն ըստ արժանվույն են գնահատել ռուս գիտնականների աշխատանքը:
Ռուս գիտնականները 30 տարվա փորելուց հետո ներթափանցել են Անտարկտիդայում գտնվող Վոստոկ լիճ: Փետրվարի 5-ին նրանք ավարտել են իրենց աշխատանքը: Ջրի փորձագիտական օրինակը մասնագետները կարող են ձեռք բերել եւ Պետերբուրգ ուղարկել միայն 2013 թվականի մայիսին: Անտարկտիդյան լճի հատակին հասնել ռուս գիտնականները մտադիր են 2013-2014 թվականներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























