Վերլուծաբանները կանխատեսում են, որ ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը կարող է սնանկացման եզրին հայտնվել արդեն 2027 թվականի կեսերին, եթե նրան չհաջողվի զգալիորեն ավելացնել եկամուտները կամ ներգրավել նոր ներդրումներ։

The New York Times-ը գրում է, որ 2025 թվականին ընկերության ծախսերը կազմել են մոտ 8 միլիարդ դոլար, իսկ մինչև 2028 թվականը այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 40 միլիարդի։ Ընդ որում, OpenAI-ն դեռևս չունի գործող բիզնես մոդել։ Ենթադրվում է, որ ընկերությունը շահույթով կաշխատի միայն 2030 թվականին։

OpenAI-ի հիմնական խնդիրն այն է, որ օգտատերերի զգալի մասն օգտվում է չատ-բոտերի անվճար տարբերակներից, ուստի նրանք ավելի շուտ կանցնեն մրցակիցների մոտ, քան կսկսեն վճարել, հայտնում է unian-ը: Խոշոր խաղացողները, ինչպիսիք են Google-ը, Meta-ն կամ Microsoft-ը, ունեն դրամական այլ կայուն հոսքեր, որոնք թույլ են տալիս ֆինանսավորել արհեստական բանականության (ԱԲ) մշակումները: OpenAI-ը նման պաշար չունի:

Հեռանկարում OpenAI-ի դրությունը կարող է բարելավվել, եթե ԱԲ գործակալները դառնան օգտատերերի առօրյա կյանքի անբաժանելի մասը և դադարեն հեշտությամբ փոխարինվել նմանակներով: Սակայն գլխավոր հարցը մնում է բաց. արդյո՞ք ChatGPT-ի մշակողներին կբավականացնեն ռեսուրսները՝ մինչև այդ փուլին հասնելը:

Որպես հնարավոր սցենար՝ NYT-ի վերլուծաբանը հնարավոր է համարում, որ դրամական պաշարների սպառումից հետո OpenAI-ը կարող է կլանվել տեխնոլոգիական հսկաներից մեկի, օրինակ՝ Microsoft-ի կամ Amazon-ի կողմից: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ նույնիսկ նման ելքը աղետ չի դառնա արհեստական բանականության ողջ ոլորտի համար:

«OpenAI-ի փլուզումը չի նշանակի արհեստական ​​բանականության վերջը։ Այն պարզապես կլինի ամենաշատ գովազդվող ընկերության վերջը», - նշվում է հրապարակման մեջ։