Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգրայնը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապացությամբ` Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ, թեեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակին, Երեւանի եւ բրիտանական քաղաքների միջեւ մինչ օրս գործընկերային կապեր չեն հաստատվել. «Համոզված եմ , որ Ձեր եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործուն աջակցությամբ այդ բացը շուտով կլրացվի»,– ասել է քաղաքապետը:
Դեսպան Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվել է Երեւանի զարգացման ծրագրերով, առանձնացնելով իր հետաքրքրվածությունը հատկապես բնապահպանական եւ հուշարձանների պահպանության ոլորտներում: Ի պատասխան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երեւանի զարգացման ռազմավարությունն ու ծրագրային առաջնահերթությունները. «Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում Երեւանի եւ բրիտանական քաղաքների միջեւ փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինի եւ կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը, զարգացմանն ու ընդլայնմանը»,– նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու եւ կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր:
Դեսպան Լիչն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր ավանդը բերելու Երեւանի եւ բրիտանական քաղաքների միջեւ կապերի հաստատմանը. «Ուրախ եմ, որ մեր տեսակետներն այս առումով համընկնում են եւ համոզված եմ, որ արդեն շուտով տեսանելի արդյունք կունենանք»,-նշել է դեսպանը:




























