Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Աքբարզադեն հայտնել է, որ հարեւան երկրներին պաշտոնապես տեղեկացվել է, որ Իրանը նրանց համարում է բարեկամ պետություններ, բայց եթե նրանց ցամաքային, օդային կամ տարածքային ջրերն օգտագործվեն իսլամական հանրապետության դեմ, նրանք կհամարվեն թշնամական։

Նրա խոսքով՝ հարեւանների արձագանքը դրական է եղել, նրանք այդ մտահոգությունները փոխանցել են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տեղակալը նշել է, որ «եթե հակամարտությունը պարտադրվի, Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ եւ վճռական, քան երբեւէ»։

Աքբարզադեն նաեւ նշել է, որ երկրի պաշտպանական պատրաստվածությունը, մասնավորապես՝ օդային պաշտպանության ոլորտում, գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա։

Նրա խոսքով՝ երկրի բոլոր բարձրաստիճան ռազմական եւ քաղաքական առաջնորդները միակարծիք են. եթե պատերազմ սկսվի, Իրանը նույնիսկ միլիմետր չի նահանջի, եւ նրա շարժումը կլինի բացառապես միայն առաջ։ Խոսելով Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակության մասին՝ Աքբարզադեն նշել է, որ այս տարածաշրջանի կառավարումը դուրս է եկել ավանդական մեթոդների շրջանակից եւ դարձել է լիովին ինտլեկտուալացված։

Նա հայտնել է, որ Իրանը իրական ժամանակի ռեժիմով տվյալներ է ստանում նեղուցի «ջրի տակից, մակերեսից եւ օդային տարածքից», ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել, թե որ նավերը եւ որ դրոշի տակ իրավունք ունեն անցնել եւ որոնք՝ ոչ։

Աքբարզադեն ավելացրել է, որ Իրանը շահագրգռված չէ վնասել համաշխարհային տնտեսությանը, բայց մտադիր չէ թույլ տալ ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին շահույթ ստանալ իրենց սանձազերծած պատերազմից։

Եթե մինչ այժմ այդ երկրների պարենային անվտանգությունը, էներգետիկան եւ առեւտուրն ապահովվել է  ի հաշիվ այս երթուղու, ընգծել է Աքբարզադեն, ապա այսօր  Իրանը կարող է այդ անվտանգությունը վերածել անկայունության գործոնի։

Եզրափակելով՝ նա նշել է, որ արդեն հայտարարված հնարավորություններից բացի, Իրանն ունի նաեւ այլ միջոցներ, որոնք կհայտարարվեն հարմար ժամանակ։