Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ բազմաթիվ հոգևորականների ուղեկցությամբ։ Նա չպատասխանեց լրագրողների որեւէ հարցի, թեեւ հնչում էին բազմաթիվ հարցադրումներ՝ կապված եկեղեցու շուրջ զարգացումների, Գևորգ արքեպիսկոպոս Սարոյանին (արդեն Արման Սարոյան) կարգալույծ անելու, եկեղեցու հնարավոր փլուզման, այլ եպիսկոպոսների հնարավոր կարգալուծության ու հետագա քայլերի հետ։
Հոգևորականները միասնական աղոթք բարձրացրեցին, պա հոգևոր կարգ մատուցեցին արցախյան պատերազմներում իրենց կյանքը տված մեր հայրենակիցների հիշատակին։
Արարողությունից հետո ևս Վեհափառ հայրապետը որևէ հարցի չպատասխանեց։
Նրան ուղեկցողները նշեցին, որ բոլոր հարցերին հետո առանձին անդրադարձ կլինի։
Գարեգին Երկրորդը նաև ծաղիկներ խոնարհեց Եռաբլուրում կառուցված հուշարձանի նաև այլ շիրիմների մոտ։
Ավարտելով իր այցելությունը, այդուհանդերձ Վեհափառը խոսեց. «Ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ»։
Այս խոսքերից հետո նա հոգևորականների ուղեկցությամբ հեռացավ։













