Մենք սպասում ենք, որ հիբրիդային հարձակումները կուժեղանան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթի ժամանակ։
«Եվ մենք պատրաստ ենք պաշտպանվել դրանցից՝ օգտագործելով ժողովրդավարության գործիքները»,- ասել է արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն զարգացրել են անհրաժեշտ իմունիտետը։
«Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում մենք ապրել ենք հիբրիդային սպառնալիքների պայմաններում։ Մենք ականատես ենք եղել «բռնի» հանրահավաքների։ Մենք ապրում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի եւ տեղեկատվության մանիպուլյացիայի մթնոլորտում», նշել է Միրզոյանը։
Դիվանագետի խոսքով՝ ԵԽԽՎ-ն կարող է աջակցել Երեւանին եւ ժողովրդավարությանը իր հայտարարությունների եւ Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջոցով։
«Միասին մենք կհաղթահարենք բոլոր հիբրիդային հարձակումները», եզրափակել է նախարարը։











