Սուտ է թեզը, թե պետք է բանակն ապաքաղաքական լինի, որովհետեւ եթե մարդը ձեռքին զենք ունի, ինքը ամենամեծ քաղաքականություն անողն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Ոչ մի քաղաքականություն առանց ռազմական ճնշման չի լինում։ Այսօր, ցավոք, արդիական է մնացել միտքը, որ գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Հիմա էլ, ով մի քիչ ակտիվ է, փորձում է ինչ–որ ներդրում ունենալ անօդաչու թռչող սարքերի ոլորտում, մինչդեռ վաղվա պատերազմը դրա մասին չի լինելու արդեն։

Ցանկությունս այն կլիներ, որ ավելի խորը ուսումնասիրեին, թե գիտատեխնիկական առաջընթացն ինչ է բերելու, որ կարող ենք օգտագործել պատերազմում։  Ամեն զենք բերում է մարտավարության փոփոխության։ Պետք է զինվել ապագա պատերազմի տրամաբանությամբ»,–ասաց նա։

Անդրադառնալով նոր սպառազինությունների ձեռքբերմանը, Արկադի Կարապետյանը նշեց, որ դա այն սերնդի զենքերը չեն, որոնց մասին ինքը խոսում է. «Մեր ազգի ներուժն այնքան մեծ է, որ մենք մեզանով կարող ենք այդ ամենն անել։ Չեմ ասում՝ հենց այսօր կարող են անել, բայց դա հնարավոր է կազմակերպել շատ արագ։ Այն, ինչ հիմա արվում է, դա շատ լավ է, բայց դա այն չէ, ինչ մենք կարող ենք ունենալ։ Մեր գիտական պոտենցիալը շատ մեծ է, բայց այդ պոտենցիալը ցրված է։

Գաղտնիքը շատ կարևոր է, բայց երբ ամեն ինչը գաղտնիքով են պայմանավորում, դա նշանակում է՝ այդ ազգի հետ ինչ–որ վատ բան են ուզում անել։ Եթե շահառուն ես եմ, ու ինձնից գաղտնիք եք պահում, ինձ հետ լավ բան չեք ուզում անել։ Մեն այնքան փոքր ենք, որ եթե մենք մի բան անենք, ում պետք է, նա իմանալու է, որ արվում է»։

Անդրադառնալով պարտադիր զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու որոշմանը, Արկադի Կարապետյանը նշեց, որ դա մեզ ոչ մի լավ բան չի տա. «Դա պոպուլիստական բան է։ Ես համարում եմ, որ որևէ մեկին 6 ամսում կարելի է սուպերզինվոր սարքել, բայց մենք այսօր ուրիշ խնդիր ունենք։ Եթե մենք 20 մլն լինեինք, ես կասեի, որ 6 ամիս ծառայելը հերիք է, բայց մեր թիվը, մեր սահմանները թույլ չեն տալիս, որ նման որոշում կայացնենք։ Այսօրվա պայմաններում նման որոշումը սխալ էր։ Վաղը գուցե անգամ 6 ամիսը նորմալ լինի։ Մեր ազգի պաշտպանության կառուցվածքը մեր ոչ մի բանին չի համապատասխանում, բայց ունենք այն, ինչ ունենք»,–ասաց նա։

Խոսելով բանակում կադրային խնդրի մասին, հրամանատարը նկատեց. «Եթե մարդիկ չեն ծառայում, աշխատում են, յդտեղ բանակ չկա։ Իսկ մեզ մոտ մարդիկ աշխատում են, շատ լավ աշխատավարձ են ստանում, կոմֆորտ վիճակ է, չեն կռվում, վտանգների չեն ենթարկվում։ Ես չեմ ասում, որ բանակում չկան հայրենասերներ ու հենց իրենց վրա է բանակը հենված»։