Պետք է բարձարացնել Իրանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի շղարշը եւ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում: Այդ մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետի խոսքով, Իրանն իրականացնում է միջուկային ծրագիր, որը «պարտադիր չէ, որ ունենա ռազմական նշանակություն», իրականացվում է ուրանի հարստացում: Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ վերջերս ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը եւ Պաշտպանության նախարարը հայտարարել էին, որ Իրանին անհրաժեշտ է եւս մոտ երկու տարի այն քանակությամբ հարստացված ուրանի ստացման համար, որն անհրաժեշտ է ռազմական նպատակներով օգտագործելու համար: Այդ կապակցությամբ, Սաֆրաստյանը համոզմունք է հայտնել, որ ոչ ամերիկյան, ոչ էլ որեւէ այլ երկրի հետախուզությունը տեղեկություններ չունի, թե արդյոք Իրանում որոշում է ընդունվել հարստացված ուրանը ռազմական նպատակներով կիրառելու վերաբերյալ:

Փորձագետի կարծիքով, նման որոշում է ընդունվելու անհրաժեշտ քանակությամբ ուրանի առկայության դեպքում: Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ նշել է, որ եթե անգամ նման որոշում ընդունվի, կպահանջվի երկու-երեք տարի զենքի ստեղծման համար:

Այդպիսով, Իրանի դեմ ակտիվ տեղեկատվական պատերազմ է մղվում, որը երկու հիմնական նպատակ է հետապնդում: Փորձագետի խոսքով, առաջին նպատակը Իրանում գործող վարչակարգի թուլացումն է, որին ցանկանում են հարկադրել հրաժարվել ինքնուրույն քաղաքականության իրականացումից: Երկրորդ նպատակը տնտեսական պատժամիջոցների կիրառումն է, որով ցանկանում են հասնել սոցիալական պայթյունի եւ իշխանափոխության: Միեւնույն ժամանակ, փորձագետը կարծիք է հայտնել, որ իրանական փորձառու դիվանագիտությունը ջանքներ է գործադրում տեղեկատվական պատերազմի իր շահերին ծառայեցնելու համար: Սաֆրաստյանը նաեւ հիշեցրել է, որ իրանական միջուկային ծրագիրը սկսվել է դեռ Ռեզա Փեհլեւի շահի կառավարման օրոք, եւ դրա նախաձեռնությամբ այն ժամանակ հանդես է եկել հենց ԱՄՆ-ը: