ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է առողջապահության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հրաժարականը եւ այն փաստը, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն իշխող կուսակցության ընտրական ցուցակում չի ընդգրկվի։
Ավելի վաղ Հունանյանը հայտնել էր խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին, քանի որ Ազգային ժողովում նրա հնչեցրած որոշ տեսակետներ քննադատության եւ հասարակության կոշտ արձագանքին էին արժանացել։ Նա նաեւ որոշել էր դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակից առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Հունանյանին իր շատ համարձակ արարքի համար։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է շփվի հանրության հետ։ Մենք բոլորս պետք է ընդունենք մեր սխալները եւ դրանց հետեւանքները։ Այնուամենայնիվ, նա կշարունակի մնալ մեր թիմի անդամ»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով Հայկ Սարգսյանի հետ կապված իրավիճակի մասին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս հարցը մի քանի անգամ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շրջանակում։ Ես չեմ կարծում, որ նրա շահերից է բխում այս քննարկումը հրապարակային դարձնելը։ Մի քանի ամիս առաջ նրան խիստ նկատողություն էր արվել կոնկրետ պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հանդուրժելու կոռուպցիայի որեւէ դրսեւորում, այդ թվում՝ իր անդամների կողմից»։











