Այս իշխանության օրոք զորավարժություններ չեն անցկացվի։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության եւ հայոց աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով բանավեճի ժամանակ հունվարի 30-ին հայտնել է «Հայաստան» ըննդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինուժ» պաշտոնական ծրագիրը, որը ֆինանսավորվում է հարկատուների հաշվին, հստակ ցուցադրում է, որ բացի, պատկերավոր ասած, ծաղիկներ ու թիթեռներ նկարելուց, Զինված ուժերում որեւէ այլ բան չի իրականացվի։ «Երբեմն «Զինուժ» ծրագիրը, որը մեր երբեմնի փառահեղ բանակի խոսափողն էր, սկսվում է այն բանից, որ մի ինչ-որ սպա, ատեստացիան հանձնելուց հետո սկսել է բարձր աշխատավարձ ստանալ, եւ ավարտվում է նրանով, որ ծառայության է ընդունվել երեք աղջիկ»,- ակնհայտ հեգնանքով ու քամահրանքով ասել է Մանուկյանը։