«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող, Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքի օդանավակայանում` Հայաստանում վատ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նա նշեց, որ օդանավի անձնակազմը նման որոշում էր կայացրել նախքան թռիչքի մեկնարկը: Դուբայ-Երեւան չվերթի օդանավը շուտով վայրէջք կկատարի, որից հետո, անձնակազմը կորոշի իր հետագա քայլերը:
Միաժամանակ, Չերչինյանը դժվարացավ ասել, թե օդանավը կոնկրետ երբ վայրէջք կկատարի, կամ գուցե արդեն կատարել է եւ որտեղ են գիշերելու ուղեւորները:
Նա տեղեկացրեց, որ ներկա պահին «Զվարթնոց» օդանավակայանը գործում է եւ այնտեղ անընդհատ թռիչքուղին ձյունից մաքրելու աշխատանքներ են իրականացվում:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, որ Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի տարածքում ձյուն է տեղում, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 11-ի գիշերը: Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր թռիչքները` կապված եղանակային պայմանների հետ, սակայն հետագայում օդանավակայանի աշխատանքը վերականգնվեց:




























