Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, որը  ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ակտիվների առաջատար կառավարիչն է, այսօր՝ փետրվարի 3-ին տեղի ունեցած ասուլիսով ամփոփել է 2025 թվականի հիմնական ձեռքբերումները։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ երեք կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է շուրջ 750 միլիարդ դրամ։

«Տարվա ընթացքում ֆոնդերն աճել են 185 մլրդ դրամով, որից 75 մլրդը եկամուտն է եղել, 110 մլրդը՝ կուտակային հատկացումները։ Եթե ընդհանուր դինամիկայի մեջ նաև՝ ակտիվների միջին տարեկան աճը կազմել է ավելի քան 30 տոկոս»,–նշել է «Ամունդի–Ակբա» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը։

Ամունդի–Ակբայի ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։ Նախորդ տարվա ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը։

«Մեր ակտիվների մեկ երրորդը ներդրված է արտասահմանում, դրանք ձեռք են բերվում դոլարի և եվրոյի միջոցով։ Ռիսկն այն է, որ երբ դրամը արժևորվում է, դա կարող է վնասաբեր լինել կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության համար։ Հեջավորման գործիքները, որ ներդրել եք դեռևս 2022 թվականին և 2025 թվականին ընդլայնել ենք դրանց շրջանակը, նպաստում են, որ կարողանանք ավելի լավ կառավարել այդ ռիսկերը»,-ասել է Հրայր Ասլանյանը։

«Ամունդի–Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակային ֆոնդերն այժմ հնարավորություն ունեն ուղիղ ներդրումներ կատարելու տնտեսության իրական հատվածում։

«Իմաստն այն է, որ ժողովրդի գումարով զարգացնենք Հայաստանը»,–հավելել է  Ժան Մազեջյանը։

Ամունդի–Ակբան, որի բաժնետերերն են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամուդին և  Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ակբա բանկը, ներկայումս կառավարում է  շուրջ 558,000 անձանց կենսաթոշակային ակտիվները։

Ամունդի-Ակբայի ներկայացուցիչների խոսքով, 2025 թվականի ընթացքում ընկերությունն ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև մասնավոր կապիտալի հնարավորությունները։

Առաջիկա տարիներին, ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։